Ստեփանակերտի Մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու տեղում այժմ միայն ամայի հարթակ է ու սև հող։ Բաքուն սրբավայրերի ոչնչացումն արդարացրեց դրանք «ապօրինի կառույցներ» և «օկուպացիայի խորհրդանիշներ» որակելով։ Սա ագրեսորի վաղեմի գործելաոճն է. սեփական հանցանքները վերագրել զոհին, բնիկ ժողովրդի ներկայությունը հայտարարել անօրինական, ապա հողին հավասարեցնել նրա մշակույթը՝ պատմությունից ջնջելով ամեն մի հետք։
Այս ողբերգությունը ջրի երես է հանում մեկ այլ, շատ ավելի խորը կեղծիք։ Ո՞ւր է այս օրերին իրեն «քրիստոնեական և ավանդական արժեքների» գլխավոր ջատագով հռչակած դաշնակիցը։ Երբ Բաքուն, դասական գաղութարարի պես, ոչնչացնում է Շուշիի Կանաչ ժամը, Մոխրենեսի եկեղեցին, իսկ այժմ էլ թիրախավորում Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, հյուսիսից լսվում է միայն քար լռություն։ Պարզվում է՝ «ավանդական արժեքները» պարզապես քաղաքական ապրանք են, որոնք հիշվում են միայն այն ժամանակ, երբ պետք է արդարացնել միջամտությունը հարևանների ներքին գործերին։
Վրաստանում մենք այս դառը ճշմարտությունը սեփական կաշվի վրա ենք զգացել։ 2008-ին տեսանք, թե ինչպես են ցնդում «անվտանգության երաշխիքները», երբ կայսրությունը որոշում է քո հողն ու ժառանգությունը դարձնել աշխարհաքաղաքական սակարկությունների առարկա։ 2020-ին նույն ծանր դասին բախվեցին Արցախում։ Մարդիկ սպասում էին խաղաղապահների, որոնք պետք է կանգնեին իրենց ու վտանգի միջև, բայց պարզվեց, որ օտար զորքը պաշտպանում է միայն սեփական ազդեցության լծակները, այլ ոչ թե մարդկանց կյանքն ու սրբավայրերը։
Սա լոկ մեղադրանք չէ, այլ ակնհայտ օրինաչափություն, որը պետք է գիտակցել նախքան հաջորդ աղետը։ Քանի դեռ մենք հույսներս դնում ենք կեղծ փրկիչների վրա, մեր ինքնությունը մնալու է վտանգված։ Մեր պատմության ու մշակույթի իրական պաշտպանությունը սկսվում է այն պահից, երբ հրաժարվում ենք այն պատրանքից, թե օտարն է լուծելու մեր խնդիրները։ Մեր ապագայի միակ տերը մենք ենք։