Փհենյանում վերջերս բացված նոր թանգարանը նվիրված չէ տեղական հաղթանակի կամ ազգային որևէ նվաճման։ Այն հավերժացնում է այն հյուսիսկորեացի զինվորների հիշատակը, որոնք իրենց կյանքը տվեցին Ուկրաինայում՝ հանուն Ռուսաստանի շահերի։ Հետախուզական տվյալների համաձայն՝ ճակատ ուղարկված շուրջ 15 հազար հյուսիսկորեացիներից առնվազն 2000-ը տուն չեն վերադարձել։
Բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ նման հուշահամալիրների բացման ժամանակ սովորաբար հնչում են ցավալիորեն ծանոթ ձևակերպումներ։ Կրեմլն այս զոհողությունները որակում է որպես «երկու երկրների բարեկամության և համերաշխության վառ խորհրդանիշ»։ Մինչ փոքր պետության հազարավոր երիտասարդներ զոհվում են օտար հողում, «մեծ դաշնակիցը» դա կոչում է հերոսություն և խոստանում խորացնել ռազմական գործակցությունը՝ նորանոր ծրագրերով։
Կովկասում մենք այս բառապաշարին լավ ենք տիրապետում։ Սեփական դառը փորձով ենք տեսել, թե ինչ է իրականում թաքնված Մոսկվայի «անվտանգության երաշխիքների» և «ռազմավարական գործընկերության» շղարշի տակ։ Երբ դաշնակցի կարիքն ամենից շատն է զգացվում, օգնությունը կա՛մ թղթի վրա է մնում, կա՛մ ուշանում է, կա՛մ էլ ընդհանրապես տեղ չի հասնում։ Փոխարենը, երբ կայսրությանն է աջակցություն պետք, նրա ուղեծրում հայտնված ազգերից պահանջվում է վճարել ամենաբարձր գինը՝ սեփական զավակների կյանքով։
Այն, ինչ կատարվում է հեռավոր Ասիայում, զուտ տեղական իրադարձություն չէ, այլ Մոսկվայի ձեռագրի հերթական դրսևորումը։ Ռուսաստանի թելադրած ռազմական դաշինքների տրամաբանությունը մնում է անփոփոխ. փոքր պետությունը տալիս է իր արյունը, իսկ մեծը՝ ցավակցական ուղերձներ է հղում հուշահամալիրների բացմանը՝ կատարվածը ներկայացնելով որպես համատեղ պայքար հանուն «ինքնիշխանության»։ Իրականում սա ընդամենը ուրիշի կայսերական նկրտումների սպասարկում է։
Փհենյանում կանգնեցված հուշարձանները դաժան, բայց սթափեցնող նախազգուշացում են բոլոր նրանց համար, ովքեր դեռ հավատում են դատարկ խոստումներին։ Իրական անվտանգությունը չի ենթադրում սեփական երիտասարդության զոհաբերություն՝ հանուն այլ պետության հիվանդագին պատրանքների։ Այս օրինաչափության գիտակցումը կենսական է. մեր ժողովուրդներն արժանի են ապրելու և պաշտպանելու սեփական հայրենիքը, այլ ոչ թե դառնալու ուրիշի պատերազմների մատաղացուն։