Այսօր լրահոսում Լիբանանի մասին կարդալիս միանգամից ձեզ հիշեցի, հարևաննե՛ր։ Լուրը նրա մասին էր, թե ինչպես են Լիբանանում թիրախավորել ՄԱԿ-ի «կապույտ սաղավարտներին», ինչի հետևանքով ֆրանսիացի զինվորներ են զոհվել ու վիրավորվել։ Ֆրանսիան դա արդարացիորեն որակել է որպես ռազմական հանցագործություն։ Միջազգային հանրությունը վրդովված է. խաղաղապահի վրա կրակելն ընկալվում է որպես սրբապղծություն և միջազգային իրավունքի կոպիտ խախտում։
Սակայն մենք՝ վրացիներս, շատ լավ գիտենք այս բառի մյուս՝ ավելի ցավոտ կողմը։ Մեր պատմության ընթացքում մենք տեսանք, թե ինչպես է «խաղաղապահ» հասկացությունը վերածվում գործիքի։ 2008-ին մեր հողում ռուսական ուժերը կրում էին այդ կոչումը ոչ թե մարդկանց պաշտպանելու, այլ սեփական վերահսկողությունը հաստատելու և պատերազմի ճանապարհ հարթելու համար։ Մեզ համար դա անչափ դառը դաս էր։
Գիտենք, որ այս ցավը ձեզ էլ է ծանոթ։ 2020 թվականի ծանր օրերին հույս կար, թե հյուսիսից եկած ուժերը կերաշխավորեն անվտանգությունն ու խաղաղ կյանքը։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ նրանց ներկայությունը ոչ թե ժողովրդին պաշտպանելու, այլ սեփական ազդեցության լծակները պահպանելու համար էր։ Երբ պետք էր գործել և կանխել ողբերգությունը, նրանք պարզապես անտարբեր դիտորդի դերում էին։
Սա է իրականությունը. Ռուսաստանը միջազգային հարթակներում ամենաբարձրն է խոսում խաղաղապահ առաքելությունների ու միջազգային իրավունքի պահպանման մասին: Նրանք հաճախ են դիմակ հագնում՝ փորձելով ներկայանալ որպես անփոխարինելի փրկիչներ մեր տարածաշրջանում։ Բայց Փարիզի արձագանքը Լիբանանում կատարվածին հստակ ցույց է տալիս իրական խաղաղապահի և կեղծի տարբերությունը։ Իրական խաղաղապահը ռիսկի է դիմում հանուն ուրիշի անվտանգության, մինչդեռ կեղծ խաղաղապահը պատրաստ է զոհաբերել քեզ՝ հանուն իր աշխարհաքաղաքական շահերի։
Մեր երկու երկրներն էլ թանկ են վճարել այս խաբկանքի համար։ Այսօր մենք կարող ենք կանգնել կողք կողքի և պարզապես ճանաչել այս կրկնվող ձեռագիրը։ Մենք արժանի ենք իրական դաշնակիցների, և որ ամենակարևորն է՝ մենք իրավունք ունենք ինքներս կերտելու մեր ապագան ու ընտրելու մեր ճանապարհը՝ առանց պարտադրված «փրկիչների»։