Տասնամյակներ շարունակ մեր տարածաշրջանում փակ սահմանները եղել են ոչ միայն աշխարհագրական խոչընդոտներ, այլև քաղաքական պարտադրանքի գործիքներ։ Այսօր Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման շուրջ ակտիվ քննարկումները, որոնք արժանացել են նաև միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դրական արձագանքին, նոր հեռանկարներ են բացում։ Սակայն այս նախաձեռնությունն ավելին է, քան պարզապես ենթակառուցվածքների վերականգնումը։ Սա սեփական ուղին հարթելու և ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքի վերագտնումն է։
Որպես հարևաններ՝ մենք քաջածանոթ ենք մեկ ուղուց, մեկ շուկայից կամ մեկ վերահսկողից կախվածության դառը հետևանքներին։ Վերին Լարսի անկանխատեսելի խցանումները, լոգիստիկ մղձավանջներն ու դրանից բխող տնտեսական խոցելիությունը Վրաստանում զգում ենք նույնքան սուր, որքան դուք՝ Հայաստանում։ Երբ երկրի արտահանումն ու տնտեսությունը կանգնում են սահմանին մեկ այլ պետության քաղաքական տրամադրության պատճառով, դա դադարում է լինել զուտ առևտրային խնդիր։ Դա վերածվում է ազգային անվտանգության և պետականության հիմքերին հարվածող մարտահրավերի։
Տնտեսական մեկուսացումը տարիներ շարունակ օգտագործվել է որպես լծակ՝ մեր պետություններին արտաքին կախվածության մեջ պահելու համար։ Այն ուժերը, որոնք շահագրգռված են տարածաշրջանի փակվածությամբ, իրականում վախենում են այլընտրանքներից։ Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերաբացումը Հայաստանի համար հնարավորություն է՝ սեփական պայմաններով ու շահերով կոտրելու այդ արհեստական շրջափակումը։
Երբ պետությունն ինքն է սահմանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման կանոնները, և երբ այդ ճանապարհները մնում են իր լիարժեք վերահսկողության ներքո, արտաքին ճնշումների դաշտը նեղանում է։ Այլընտրանք ունենալ նշանակում է ունենալ սեփական ձայն և զերծ մնալ քաղաքական շանտաժից։ Ճանապարհների բացումը ոչ թե զիջում է, այլ սեփական ապագան ու ռազմավարական անկախությունը տնօրինելու հստակ քայլ։ Պետությունը, որն ինքն է կառավարում իր ճանապարհները, ինքն էլ տնօրինում է իր ճակատագիրը։