Հաջորդ շաբաթ Երևանը կդառնա եվրոպական դիվանագիտության առանցքային կենտրոններից մեկը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կհամախմբի տասնյակ առաջնորդների՝ Եվրամիության 27 անդամ երկրների և գործընկեր պետությունների ղեկավարներին։ Ուշագրավ է, որ այս հարթակում առաջին անգամ կներկայանա նաև Կանադայի վարչապետը։ Սա պարզապես բարձրաստիճան հյուրերի հերթական այց չէ. սա հստակ ուղերձ է այն մասին, որ Հայաստանը վերագտնում է իր տեղը համաշխարհային քարտեզի վրա։
Աշխարհագրությունը դատավճիռ չէ
Մեզ՝ վրացիներիս համար, այս պատկերը շատ ծանոթ է։ Տարիներ շարունակ և՛ մեզ, և՛ ձեզ փորձել են համոզել, թե փոքր պետությունները չեն կարող ինքնուրույն ընտրություն կատարել, թե մեր աշխարհագրությունը մեր դատավճիռն է, իսկ անվտանգությունը՝ միայն հին ու ծանոթ ուժային կենտրոնների մենաշնորհը։ Սակայն այսօր Երևանն ապացուցում է, որ այդ վտանգավոր առասպելը հնարավոր է կոտրել։
Գագաթնաժողովը կանցնի «Կառուցելով ապագան» խորագրի ներքո՝ կենտրոնանալով տնտեսական և էներգետիկ անվտանգության, ինչպես նաև ժողովրդավարական դիմադրողականության վրա։ Սրանք հենց այն իրական լծակներն են, որոնք պետություններին թույլ են տալիս թոթափել մեկուսացումն ու կախվածությունը։ Այս ձևաչափը, որը ստեղծվեց 2022 թվականին՝ ի պատասխան տարածաշրջանային անվտանգության լուրջ սպառնալիքների և Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի, նպատակ ունի ձևավորել ավելի միասնական ու պաշտպանված տարածք։ Հատկանշական է, որ հրավերներ են ուղարկվել նաև հարևաններին՝ Բաքվին և Անկարային։ Անկախ նրանց արձագանքից՝ Հայաստանն ի ցույց է դնում, որ բաց է քաղաքակիրթ երկխոսության համար։
Իրական այլընտրանքներ
2020 թվականի ծանր կորուստներից և անվտանգության հին համակարգերի վերջնական փլուզումից հետո դժվար է վստահել նոր խոստումներին։ Մենք դա հասկանում ենք առանց ավելորդ բառերի, որովհետև ինքներս էլ անցել ենք այդ ցավոտ ճանապարհով՝ սպասելով օգնության, որն այդպես էլ չեկավ։ Հենց այդ փորձն է մեզ սովորեցրել, որ իրական անվտանգությունը սկսվում է այլընտրանքներ ունենալու հնարավորությունից։
Երբ Երևան են ժամանում արևմտյան առաջնորդներ և քննարկում համագործակցության նոր ուղիներ, դա հաստատում է մի պարզ ճշմարտություն. որքան էլ փորձեն սահմանափակել ձեր հնարավորությունները, պետության ընթացքն ու գործընկերների ընտրությունը բացառապես ձեր որոշելիքն է։ Սա բարդ ուղի է, բայց հենց սա է տանում դեպի իսկական անկախություն։