Վերջին օրերին քննարկումների կենտրոնում է հայտնվել մի փաստաթուղթ, որը խոստանում է վերջակետ դնել Իրանի և ԱՄՆ-ի միջև տասնամյակներ տևող լարվածությանը։ Հրապարակված 14 կետանոց նախագիծն ունի գրեթե իդեալական տեսք. ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ուղղություններով, ներառյալ Լիբանանը, Իրանի ինքնիշխանության ճանաչում և ԱՄՆ զինուժի դուրսբերում տարածաշրջանից։
Այս նախագիծը ներառում է շռայլ խոստումներ ու տպավորիչ թվեր՝ Իրանի ենթակառուցվածքների վերականգնման համար նախատեսված 300 միլիարդ դոլարի ծրագիր, 24 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների վերադարձ և նավթային պատժամիջոցների ամբողջական վերացում։ Թվում է, թե տարածաշրջանը կանգնած է պատմական խաղաղության շեմին, որտեղ կողմերը պարտավորվում են հարգել միմյանց շահերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հովանու ներքո։
Սակայն մենք՝ Վրաստանում և Հայաստանում, սովոր ենք զգուշությամբ կարդալ «տողատակերը»։ Մեր փորձը հուշում է, որ երբ հանրությանն է հրամցվում նման անթերի մի պլան, այն հաճախ ծառայում է որպես տեղեկատվական մանիպուլյացիա։ Սա նման է մի դիվանագիտական շղարշի, որը ստեղծում է խաղաղության պատրանք՝ իրականում ժամանակ շահելու կամ պատասխանատվությունը մյուս կողմի վրա բարդելու համար։ Երբ առաջարկվում է մի փաթեթ, որն ակնհայտորեն անիրագործելի պայմաններ է պարունակում, ստեղծվում է արհեստական ընտրության իրավիճակ. եթե մյուս կողմը չընդունի նույնիսկ մեկ կետը, նրան հեշտությամբ կարելի է մեղադրել ագրեսիայի և խաղաղությունը մերժելու մեջ։
Վրաստանում մենք բազմաթիվ անգամներ ենք տեսել նմանատիպ ստորագրված թղթեր, որոնք այդպես էլ չկանխեցին 2008-ի ողբերգությունը։ Դուք էլ 2020-ից հետո լավ գիտեք, թե որքան քիչ արժեք ունեն «երաշխավորների» խոստումները, երբ դրանք ամրագրված չեն իրական գործողություններով ու հստակ մեխանիզմներով։
Այս 14 կետերը կարող են դառնալ նոր սկիզբ, բայց կարող են նաև լինել հերթական քարոզչական հնարքը՝ ուղղված հանրային կարծիքը մանիպուլացնելուն։ Մեր տարածաշրջանում սթափությունն ու քննական միտքը մեր միակ իրական երաշխիքն են։ Իրական խաղաղությունը կառուցվում է ոչ թե թղթի վրա գրված գեղեցիկ թվերով, այլ ինքնիշխան որոշումների և այնպիսի քայլերի միջոցով, որոնք հարգում են յուրաքանչյուր ազգի ազատ ընտրությունը։