The Bridge
orange fruits on brown wooden crate (Photo by Jason Leung on Unsplash)
Կովկասյան զեկույց

Դաշնակցային հարաբերությունների «թունավոր» պտուղները. ինչու են հայկական մրգերը հանկարծակի «վտանգավոր» դառնում

Ռուսաստանը սահմանափակում է հայկական մրգերի ներկրումը։ Վերլուծություն տնտեսական ճնշումների և դաշնակցային հարաբերությունների իրականության մասին։

Հունիսի 2-ից Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Հայաստանից առաքվող կորիզավոր մրգերի և թարմ խաղողի ներմուծման վրա։ Պաշտոնական պատճառաբանությունը հերթական անգամ «որակական անհամապատասխանությունն» է։ Արգելված ապրանքների ցանկում են հայտնվել հայկական ծիրանը, բալը, դեղձն ու նեկտարենին։ Սակայն այս ամենի հետևում թաքնված է մի պատմություն, որը մեզ՝ վրացիներիս, շատ ծանոթ է։

Երբ «տեխնիկական խնդիրը» վերածվում է քաղաքականության

Մենք լավ ենք հիշում այն տարիները, երբ վրացական գինին ու հանքային ջուրը հանկարծակի «վտանգավոր» դարձան Մոսկվայի համար հենց այն պահին, երբ փորձեցինք ինքնուրույն որոշումներ կայացնել։ Հիմա նույն ձեռագիրն ենք տեսնում Հայաստանի պարագայում։ Զարմանալի զուգադիպությամբ, ռուսական կողմը սկսեց խոսել մրգերի որակի մասին հենց այն ժամանակ, երբ Հայաստանում սկսեցին ակտիվանալ քննարկումները ԵԱՏՄ-ում երկրի հետագա անդամակցության նպատակահարմարության շուրջ։

Սա այն պահն է, երբ իրական պատկերն ի հայտ է գալիս։ Մի կողմից՝ հնչում են շնորհավորական ուղերձներ ու բարեմաղթանքներ, մյուս կողմից՝ հարված է հասցվում ամենացավոտ տեղին՝ գյուղացու քրտինքով ստեղծված բերքին։ Երբ «դաշնակիցը» տնտեսական լծակներն օգտագործում է որպես մտրակ, դա արդեն գործընկերություն չէ, այլ ուղղակի պարտադրանք։

Կախվածության իրական գինը

Տարիներ շարունակ մեզ հավաստիացնում էին, թե ԵԱՏՄ-ն հնարավորությունների շուկա է։ Իրականում այն ավելի շատ նմանվում է մի թակարդի, որի դռները փակվում են ամեն անգամ, երբ դու չես անում այն, ինչ քեզնից ակնկալում են։ Սա այն քաղաքական գինն է, որը վճարում են մեր երկրները Ռուսաստանի հետ սերտ տնտեսական կապերի համար։ Գեղարքունիքի գյուղացին այսօր ստիպված է մտածել, թե ինչպես իրացնի իր բերքը, քանի որ Մոսկվայում որոշել են, որ հայկական միրգն այլևս «համապատասխան չէ» իրենց քաղաքական քիմքին։

Սակայն ելքեր միշտ կան։ Հայաստանի կառավարությունն արդեն ձեռնարկում է քայլեր՝ սուբսիդավորելով այն ընկերություններին, որոնք իրենց արտադրանքը կուղղեն դեպի Եվրոպական Միության շուկա։ Ավելին, արդեն կան հաջողված օրինակներ, երբ հայկական ագրոարտադրանքը, օրինակ՝ վարդերը, հաջողությամբ գտել են նոր և ավելի կայուն շուկաներ այլ երկրներում։

Ընտրության իրավունքը մերն է

Ամենակարևոր դասը, որ քաղել ենք մեր սեփական փորձից, հետևյալն է. որքան բազմազան են քո գործընկերները, այնքան պաշտպանված է պետությունը։ Միայն մեկ ուղղությունից կախվածությունը մեզ դարձնում է չափազանց խոցելի։

Այսօրվա սահմանափակումները ոչ թե մրգերի որակի, այլ մեր երկրների ինքնիշխանության մասին են։ Որքան շուտ մենք գտնենք նոր ճանապարհներ ու նոր գործընկերներ, այնքան արագ կազատվենք այն մտավախությունից, որ մեր հաջորդ բերքը կարող է դառնալ քաղաքական առևտրի առարկա։ Մեր երկիրը մեր ընտրությունն է, և ոչ մի «որակական ստուգում» չպետք է կանգնեցնի մեզ այդ ճանապարհին։