Եվրամիության նոր քաղաքացիական առաքելությունը, որի նպատակն է աջակցել Հայաստանին պետական ինստիտուտների հզորացման գործում, արդեն իսկ արժանացել է Մոսկվայի կոշտ արձագանքին։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Բրյուսելը փորձելու է միջամտել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին և լրացուցիչ լծակներ ստանալ պետական գերատեսչությունների վրա ազդելու համար։
Մեզ՝ տարածաշրջանի բնակիչներիս համար, այս հռետորաբանությունը ցավալիորեն ծանոթ է։ Սա տեղեկատվական հին ու փորձված մի հնարք է. բարձրաձայն մեղադրել մյուսներին ճիշտ այն բանի համար, ինչն ինքդ ես անում կամ նախատեսում ես անել։ Երբ Մոսկվան սկսում է «անհանգստանալ» օտարերկրյա միջամտության և ինքնիշխանության սահմանափակման համար, Կովկասի ժողովուրդները շատ լավ գիտեն, թե պատմականորեն ումից է գալիս իրական պարտադրանքը։ Մենք Վրաստանում բազմիցս ենք լսել նմանատիպ զգուշացումներ, թե իբր մեր գործընկերային հարաբերությունները վտանգում են մեր պետականությունը, սակայն ժամանակը ցույց է տվել այդ պնդումների իրական նպատակը:
Իրականությունն այն է, որ երկամյա մանդատ ունեցող այս նոր առաքելությունը ստեղծվել է հենց տարաբնույթ սպառնալիքներին դիմակայելու համար։ Դրա գլխավոր նպատակն է պաշտպանել պետությունն արտաքին մանիպուլյացիաներից, կիբեռհարձակումներից և քաղաքական գործընթացների անօրինական ֆինանսավորումից։ Եվ որ ամենակարևորն է՝ Հայաստանի իշխանություններն իրենք են նախաձեռնել ու ողջունել այս քայլը՝ ելնելով երկրի պետական շահերից։
Զախարովայի հայտարարությունը, թե ինքը «հույս ունի», որ Երևանը թույլ չի տա իրեն ներքաշել «հակառուսական քաղաքականության» մեջ, բացահայտում է խնդրի բուն էությունը։ Սա մի մոտեցում է, որը համառորեն հրաժարվում է ընդունել պարզ ճշմարտությունը. անկախ պետություններն իրավունք ունեն ինքնուրույն ընտրելու իրենց անվտանգային գործընկերներին։
Պետական ինստիտուտներն ամրապնդելու նպատակով եվրոպական աջակցություն ընդունելը ոչ թե մեկ ուրիշի դեմ ուղղված քայլ է, այլ սեփական երկրի դիմակայունության ապահովում։ Հայաստանը, ինչպես և ցանկացած ինքնիշխան պետություն, ինքն է որոշում իր ապագան։ Դա դավաճանություն չէ որևէ մեկի հանդեպ, այլ սեփական ճակատագիրը տնօրինելու անքակտելի իրավունքի իրացում: