Ապրիլի 24-ին ընդառաջ, երբ հայ ժողովուրդը ոգեկոչում է իր պատմության ամենաողբերգական էջը, Ստեփանակերտից հասնող լուրերը նոր վերքեր են բացում։ Սուրբ Աստվածածնի Հովանու մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու ավերումը սոսկ շինությունների քանդում չէ. դա մշակութային ցեղասպանության փորձ է՝ միտված ինքնության և պատմական հիշողության վերացմանը։ Մենք՝ վրացիներս, այս ցավը զգում ենք որպես սեփականը, քանի որ մեր սրբավայրերի նույնատիպ կորուստը տեսել ենք մեր իսկ հողում։
Սակայն այս ողբերգությունը, բացի բուն կատարողներից, լույս է սփռում մի շատ ավելի դառը ճշմարտության վրա։ Այն ի ցույց է դնում տարածաշրջանի «անվտանգության երաշխավոր» հռչակված ուժի իրական դեմքը։ Տարիներ շարունակ մեզ հավատացնում էին, թե ռուսական ռազմական ներկայությունը կկանխի աղետն ու կպաշտպանի թե՛ մարդկանց, թե՛ հազարամյա կոթողները։ Բայց երբ եկավ վճռորոշ պահը, երբ տեղի ունեցան էթնիկ զտումները, իսկ այժմ էլ հոգևոր ժառանգությունն է հողին հավասարեցվում, «դաշնակիցը» պարզապես լուռ հետևում է կատարվածին։ Միջազգային առաքելությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքի արգելափակումն ու անպատիժ ավերածությունները տեղի են ունենում հենց այս կանխամտածված լռության ու անգործության պայմաններում։
Սա նույն ձեռագիրն է, որը մենք տեսանք Աբխազիայում և Ցխինվալիի տարածաշրջանում։ «Խաղաղապահի» դիմակի տակ հանդես եկող կայսրությունը երբեք նպատակ չի ունեցել փրկելու մեր մշակույթը կամ մեր ժողովուրդներին։ Նրանց միակ նպատակը Կովկասում ազդեցության լծակներ պահպանելն է՝ մեր երկրները դիտարկելով որպես սեփական գաղութ, իսկ մեր ցավը՝ որպես քաղաքական առևտրի գործիք։ Այս համակարգում չկան վստահելի դաշնակիցներ, կան միայն սառը կայսերական շահեր։
Ստեփանակերտի տաճարների ավերումը մեծագույն վիշտ է, բայց այն նաև սթափեցնող դաս է բոլորիս համար։ Այն հստակ ցույց է տալիս, որ մեր ազգային անվտանգությունն ու մշակույթը չեն կարող վստահվել մի ուժի, որի համար մեր կյանքն ու հիշողությունը պարզապես լծակ են։ Իրական անվտանգությունը սկսվում է այնտեղ, որտեղ ազգը գիտակցում է իր ուժը և ընտրում է ապավինել սեփական որոշումներին։ Մեր ժառանգության պաշտպանությունն ու մեր երկրի ապագան միմիայն մեր ընտրությունն ու մեր պատասխանատվությունն են։