Տարածաշրջանում, որտեղ մենք ապրում ենք, տասնամյակներ շարունակ փորձել են ներշնչել, թե փոքր պետություններն ընտրության իրավունք չունեն, և նրանց ճակատագիրը պետք է որոշվի այլ մայրաքաղաքներում։ Սակայն Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը վերահաստատում է մի պարզ, բայց կենսական ճշմարտություն. յուրաքանչյուր ազգ ինքն է կերտում իր անվտանգության ու զարգացման ուղին։
Եվրոպական միության և Հայաստանի միջև այս բարձր մակարդակի հանդիպումը պարզապես դիվանագիտական արարողակարգ չէ։ Այն գործնական քայլ է՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանությանն ու դիմակայունությանը։ Օրակարգում ընդգրկված են այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են տնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտն ու թվային ենթակառուցվածքները։ Սակայն ամենախոսունը հենց անվտանգության ոլորտում արձանագրվող տեղաշարժերն են։
Երբ հին պայմանավորվածությունները չեն գործում
Մենք՝ որպես հարևաններ, ցավոք, սեփական փորձով գիտենք անվտանգային պատրանքների գինը։ Երբ ճակատագրական պահերին հին «երաշխավորներն» ու դաշինքները պարզապես անգործության են մատնվում կամ ակնհայտորեն ուշանում են, անկախ պետության միակ ճիշտ որոշումը սեփական քաղաքացիներին պաշտպանելու նոր ուղիներ գտնելն է։
Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության տեղակայումը և Եվրոպական սահմանային ու ափամերձ պահպանության գործակալության (Frontex) հետ նախատեսվող համաձայնագիրը հենց այդ գործնական քայլերն են։ Սա որևէ մեկի դեմ ուղղված քայլ չէ, այլ սեփական սահմաններն ու մարդկանց անվտանգությունն ապահովելու ինքնիշխան իրավունք։
Ամենավտանգավոր մոտեցումը, որը երբևէ կարող են փաթաթել մեր ժողովուրդների վզին, այն է, թե մենք դատապարտված ենք ենթարկվելու ուրիշի կամքին։ Վրաստանում մենք անցել ենք այս բարդ ճանապարհով՝ գիտակցելով, որ իրական անկախությունը պահանջում է գործընկերների բազմազանություն և սեփական այլընտրանքների ձևավորում։ Հայաստանի վստահ քայլերը դեպի նոր, փոխշահավետ գործընկերություններ փաստում են՝ քո երկիրը քո՛ ընտրությունն է։