Երբ երկիրը բախվում է ճգնաժամի, առանցքային որոշումները պետք է կայացվեն երկրի ներսում: Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման հարցը Հայաստանի համար դարձել է առաջնահերթություն: Պետությունը հստակ դիրքորոշում է որդեգրել՝ լուծել այս խնդիրը սեփական ուժերով՝ համագործակցելով այնպիսի գործընկերների հետ, որոնք հարգում են երկրի ինքնիշխան կամքը:
Վերջերս Հայաստանի կառավարությունը կարևոր քայլ կատարեց այս ուղղությամբ՝ հաստատելով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ դրամաշնորհային համաձայնագրի նախագիծը: Ծրագրի նպատակն է էապես բարելավել բնակարանային լուծումների հասանելիությունը տեղահանվածների համար: Այս նախաձեռնությունը հիմնված է ոչ թե լոկ խոստումների, այլ հստակ ու չափելի արդյունքների վրա: Մոտ 264 միլիոն ԱՄՆ դոլար կազմող ֆինանսավորումը կտրամադրվի ՎԶՄԲ-ի և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի կողմից:
Մենք լավ գիտենք՝ ինչ է նշանակում, երբ հազարավոր մարդիկ մեկ գիշերվա ընթացքում կորցնում են իրենց տունը: Փորձը ցույց է տալիս, որ նման պահերին իրական աջակցություն են ցուցաբերում այն կառույցները, որոնք օգնում են պետությանը կառուցել ու հզորանալ, այլ ոչ թե սեփական կամքն են պարտադրում կամ քաղաքական նախապայմաններ առաջադրում: Իրական գործընկերությունը ենթադրում է հարգանք պետության ինքնուրույնության նկատմամբ, երբ երկիրն ինքն է ընտրում իր քաղաքացիների և իր ժողովրդի խնդիրները լուծելու ճանապարհը:
Այս ծրագիրը միայն սոցիալական աջակցություն չէ. այն նաև ուղղված է հիփոթեքային շուկայի զարգացմանը, ինչը երկարաժամկետ հեռանկարում կամրապնդի Հայաստանի տնտեսությունը: Ուժեղ տնտեսությունը նշանակում է ավելի անկախ պետություն, որն ի վիճակի է ինքնուրույն դիմակայել մարտահրավերներին և պաշտպանել իր ժողովրդին: Սա պետք է լինի բացառապես տվյալ երկրի և նրա քաղաքացիների ընտրությունը:
Դպրոցների անվտանգությունը՝ որպես ապագայի երաշխիք
Սոցիալական և տնտեսական անկախության մյուս կարևոր բաղադրիչը հաջորդ սերունդների համար անվտանգ միջավայրի ստեղծումն է: Այդ նպատակով Հայաստանը շարունակում է արդյունավետ համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում: Արդեն իսկ ավարտվել է 28 դպրոցների կառուցումը՝ ապահովելով անվտանգ կրթական պայմաններ շուրջ 15,000 աշակերտի համար: Հաջորդ փուլով նախատեսվում է ևս 50 դպրոցի կառուցում:
Ինչպես բնակարանային ապահովման, այնպես էլ այս ծրագիրը վկայում է այն մասին, որ Հայաստանն ընտրում է զարգացման իր սեփական ուղին՝ ստեղծելով ամուր ենթակառուցվածքներ և հոգ տանելով իր քաղաքացիների մասին: Յուրաքանչյուր նոր դպրոց ու յուրաքանչյուր նոր բնակարան քայլ է դեպի ավելի անկախ և ապահով պետություն՝ մի երկիր, որն ինքնուրույն է կերտում իր ապագան: