The Bridge
Peaceful protest in Beverly Hills in commemoration of the Armenian Genocide.  (Photo by Edgar Torabyan on Unsplash)

Անվտանգության նոր հեռանկարներ. ինչո՞ւ է կարևոր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Երևան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այցը Հայաստան կարևոր քայլ է անվտանգային համակարգի բազմազանեցման և սեփական ապագան ինքնուրույն տնօրինելու ճանապարհին։

Երևանն այս օրերին դարձել է կարևոր իրադարձությունների կենտրոն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այցը Հայաստան շատ ավելին է, քան պարզապես դիվանագիտական արարողակարգ։ Սա հաստատուն քայլ է դեպի մի իրականություն, որտեղ երկրի անվտանգությունը չի հիմնվում միայն մեկ կենտրոնի կամ մեկ անորոշ խոստման վրա։

Մենք՝ կովկասյան տարածաշրջանի բնակիչներս, սեփական դառը փորձով գիտենք, թե ինչ է նշանակում հույսը դնել միակողմանի «երաշխիքների» վրա։ Ճակատագրական պահերին հաճախ պարզվում է, որ այդ խոստումները պաշտպանում են ոչ թե մարդկանց կամ սահմանները, այլ ընդամենը օտարի ազդեցության լծակները։ Այդ ծանր դասը մենք՝ վրացիներս, քաղեցինք տարիներ առաջ, իսկ հայ ժողովուրդը վերջին շրջանում ստիպված եղավ վճարել նույն՝ չափազանց բարձր գինը՝ սպասելով մի աջակցության, որն այդպես էլ իրականություն չդարձավ:

Այսօր Հայաստանը փնտրում է նոր ուղիներ և վերագնահատում է իր անվտանգային միջավայրը։ Գործընկերների շրջանակի ընդլայնումը, միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացումը բնական գործընթաց է ցանկացած պետության համար, որը ձգտում է ապահովել իր քաղաքացիների խաղաղությունը։ Թեև դրսից երբեմն փորձում են սա ներկայացնել որպես «վտանգավոր խաղ», իրականում սա պարզապես ինքնապահպանման բնազդ է և ինքնիշխան պետության անքակտելի իրավունքը։

Ոչ մի երկիր չպետք է ընտրության առաջ կանգնի սեփական անվտանգության և անկախության միջև։ Իրական դաշնակիցները չեն պահանջում մեկուսացում արտաքին աշխարհից կամ կույր հնազանդություն: Նոր գործընկերների ձեռքբերումը և արևմտյան կառույցների հետ բաց երկխոսությունը փաստում են այն մասին, որ Հայաստանն ինքնուրույն է տնօրինում իր ապագան։

Սա որևէ մեկի դեմ ուղղված քայլ չէ, սա քայլ է հանուն սեփական պետության։ Երբ երկրներն իրենք են կայացնում իրենց ռազմավարական որոշումները, նրանք դադարում են լինել գործիք ուրիշների ձեռքում։ Ձեր երկիրը ձերն է, և նրա ապագան ընտրելու բացառիկ իրավունքը պատկանում է միմիայն ձեզ։