Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի վերջին հայտարարությունը հերթական անգամ մերկացնում է այն իրականությունը, որին մեր տարածաշրջանը բախվում է տասնամյակներ շարունակ։ Պարսից ծոցի երկրների դեմ կիրառվող իրանական անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), ըստ ամենայնի, այժմ կատարելագործվում են ռուսական տեխնոլոգիական լուծումներով։ Բրյուսելն արդեն քայլեր է ձեռնարկում այս վտանգավոր դաշինքը սահմանափակելու և Ծոցի երկրների հետ գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ։
Մեզ համար սա պարզապես հերթական լրահոս չէ։ Տարիներ շարունակ մեզ փորձել են համոզել, թե ռուսական ռազմական ներկայությունն ու տեխնոլոգիաները տարածաշրջանային «խաղաղության ու կայունության» միակ երաշխիքն են։ Սակայն իրականությունը տրամագծորեն հակառակն է. պետությունը, որն իրեն հռչակել է որպես գլխավոր «խաղաղապահ», իրականում արդիականացնում է հարձակողական զենքեր՝ ապակայունացնելով այլ տարածաշրջաններ։ Շռայլ խոստումների և իրական գործողությունների միջև անդունդն այլևս հնարավոր չէ թաքցնել։
Ի՞նչ է իրականում ներկայացնում ռուսական այսպես կոչված «անմրցելի» ռազմարդյունաբերությունն այսօր։ Սա այլևս գերտերության անսպառ զինանոց չէ, այլ խոցելի և կախյալ մի համակարգ, որը ստիպված է օտարերկրյա ԱԹՍ-ները «կարկատել» սեփական դետալներով։ Այն, ինչ նախկինում ներկայացվում էր որպես տեխնոլոգիական հզոր առավելություն, այսօր վերածվել է ուրիշի պատերազմներն ու սադրանքները սպասարկող գործիքի։
Որպես հարևաններ՝ մենք լավ ենք ծանոթ այս ձեռագրին։ Գիտենք, թե ինչպես են զենքն ու ավերածությունը մատուցվում «օգնության» կամ «անվտանգության երաշխիքի» շղարշով։ Երբ քո միակ «դաշնակիցն» ու անվտանգության հովանավորը զբաղված է աշխարհի տարբեր ծայրերում հակամարտություններ հրահրելով, ժամանակն է ինքներս մեզ անկեղծ հարց տալու. այդ զենքն ու ներկայությունը երբևէ մեզ խաղաղություն բերե՞լ են։ Ապագայի ճիշտ ընտրությունը սկսվում է պարտադրված պատրանքներից հրաժարվելուց։